Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում կայացել է նորաձևության աշխարհի ամենադիտարժան և քննարկվող միջոցառումներից մեկը՝ ամենամյա Met Gala-ն, որը, որպես կանոն, անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթին՝ մեկ հարկի տակ հավաքելով արևմտյան շոու բիզնեսի աստղերին:
Իրականում Met Gala-ն դրամահավաք միջոցառում է, որն ունի ավելի քան 70 տարվա պատմություն և մեծ նշանակություն նորաձևության աշխարհի համար: Met Gala-ի նպատակը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի` Կոստյումի ինստիտուտի համար ֆինանսական միջոցներ ներգրավելն է, և այս տարի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել ռեկորդային 31 մլն դոլար:
Met Gala-ի կարմիր գորգն այնքան տպավորիչ է, որ քննարկվում է ոչ պակաս, քան օրինակ՝ «Օսկար»-ինը կամ « Գրեմմի»-ինը։ Հյուրերի մեծ մասը մի քանի օր շուտ է ժամանում Նյու Յորք և սկսում նախապատրաստվել տարվա գլխավոր ֆեշըն իվենթին: Հայտնիներն ավանդաբար ներկայանում են հատուկ իրենց համար կարված զգեստներով՝ Met Gala-ի այդ տարվա թեմային համապատասխան: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է առավել արտառոց ու հետաքրքիր կերպարով ներկայանալ՝ ցանկանալով հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում: Որպես արդյունք՝ սոցիալական հարթակներում, ժամանցային և նորաձևության կայքերում օրեր շարունակ քննարկվում են ամենատպավորիչ կերպարները:

Met Gala-ի գլխավոր կազմակերպիչն ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն է, որը նախագահում և համակարգում է հեղինակավոր միջոցառումն ամբողջությամբ:
Այս տարվա համանախագահների թվում էին դերասան Քոլման Դոմինգոն, ռեփեր A$ap Rocky-ն, երաժիշտ Ֆարել Ուիլյամսը և Formula 1-ի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը: Պատվավոր համանախագահը բասկետբոլիստ ԼեԲրոն Ջեյմսն էր, որը սակայն ծնկի վնասվածքի պատճառով չէր կարողացել մասնակցել։
Այս տարի Met Gala-ի թեման՝ Superfine: Tailoring Black Style, նվիրված էր սևամորթ տղամարդկանց ոճին, նրանց ստեղծած նորաձևության մշակույթին և դենդիզմի պատմությանը, իսկ դրես-կոդը հնչում էր այսպես՝ Tailored for You («Կարված է Ձեզ համար»): Այլ կերպ ասած՝ միջոցառման նպատակն էր աշխարհին ցույց տալ՝ ինչպես են սևամորթների ուրույն մշակույթն ու ինքնությունը տարիների ընթացքում անդրադարձել նորաձևության զարգացման վրա: Ուստի, հաշվի առնելով թեմատիկան, բնական է, որ աստղերի մեծ մասի կերպարներում կարելի էր նկատել սևամորթ տղամարդկանց զգեստապահարանին բնորոշ դետալներ և ոճային լուծումներ:
Աստղային հյուրերն ու երեկոյին նրանց նախապատրաստած դիզայներները ջանք չեն խնայել, որպեսզի ներկայանան սևամորթ համայնքի ոճի լավագույն ավանդույթներին համապատասխան:

Ամենահեղինակավոր ամսագրերն այս տարվա կարմիր գորգին առաձնահատուկ ուշադրություն են դարձրել Քիմ Քարդաշյանի, Դեմի Մուռի, Նիքոլ Քիդմանի, Զենդայա Քոուլմանի, Նիքոլ Քիդմանի, Բեդ Բանիի, Ռիհանայի կերպարներին: Ի դեպ, վերջինս օգտագործել է առիթը՝ կարմիր գորգին 3-րդ հղիության մասին հայտարարելու համար:
Հին Հոլիվուդի էսթետիկան Met Gala-ի կարմիր գորգին է տեղափոխել դերասանուհի Նիքոլ Քիդմանը՝ Balenciaga-ի էլեգանտ սև զգեստով։
Երգչուհի Ռիհանան Met Gala-ի գլխավոր աստղերից էր, որը ներկայացել է Marc Jacobs-ի հագուստով՝ իր լուր աշխարհին ընդգծելով առաձնահատուկ կարգավիճակը:
A$AP Rocky-ն լիարժեք համապատասխանել է երեկոյի թեմատիկ դրես կոդին՝ կերպարին յուրահատկություն հաղորդելով հրացանի տեսքով սև անձրևանոցով: Ռեփերը կրել է ամբողջովին իր դիզայնով ստեղծված հագուստ:
Երգչուհի Թայլան այս տարի ներկայացել է Jacquemus-ի զգեստով՝ շեշտը դնելով պարզ կանացիության վրա:
Դերասան Նկուտի Գատվան էլեգանտ տղամարդու մարմնացում է եղել՝ Ozwald Boateng ապրանքանիշի մուգ մանուշակագույն կոստյումով:
Նրբակազմ Զենդայա Քոուլմանը որոշել է ռիսկի չդիմել: Կինոաստղը նախապատվություն է տվել ձյունաճերմակ Louis Vuitton կոստյումին և գլխարկին:
Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Met Gala-ի ամենասպասված հյուրերից է: Այս տարի նրա ընտրությունը կանգ է առել Chrome Hearts-ի՝ մեջքի հատվածում խիստ համարձակ բացվածքով զգեստի վրա:
Իր էքստրավագանտ ոճով հայտնի ռեփեր Բեդ Բանին նախապատվությունը տվել է Prada-ին՝ կերպարն ամբողջացնելով արտառոց դիզայնով գլխարկով ու մեծ կաշվե պայուսակով:
Դերասանուհի Հանթեր Շաֆերը Prada-ի սևուսպիտակ կոստյումով ապացուցել է՝ լակոնիկ և կոկիկ տեսքը կարող է ոչ պակաս տպավորիչ լինել, քան էքստրավագանտ կերպարը:
Met Gala-ի կարմիր գորգին ամենահամարձակ հյուրերից է եղել դերասանուհի և երգչուհի Սաբրինա Քարփենթերը ՝ ներկայանալով առանց տաբատի: Աստղը կրել է Louis Vuitton բրենդի գինեգույն բոդի և բարձրակրունկներ։






