BOTTEGA VENETA. մենք լոգոտիպի կարիք չունենք

Այսօր ճանաչված նորաձեւության տները, ինչպես մի անգամ արդեն նշել եմ, ժամանակին ստեղծվել են կամ կաշվե արտադրության շուրջ (Gucci, Louis Vuitton, Hermes), այսինքն եղել են պարզապես կաշվե իրեր արտադրող ընկերություններ, բայց մեծ հաշվով կապ չեն ունեցել նորաձեւության եւ թրենդների հետ, մյուսները՝ տաղանդավոր անձի, այսինքն՝ դիզայների շուրջ (Chanel, Dior, YSL):

BOTEGGA VENETA-ն (հայերեն՝ Բոտեգա Վենետա) հիմնադրվել է 1966-ին Վիչենցայում՝ Վենետոյում, Միշել Թադեի և Ռենցո Ջենգյարոյի կողմից: Ջենգյարոն դեռ 14 տարեկանից աշխատել է կաշվե արտադրությունում, միայն  34 տարեկանում որոշում է գործընկերներից մեկի հետ հիմնել սեփական արհեստանոցը, ու բրենդը նշանավորվել է հենց կաշվե իրերի արտադրությամբ: Բրենդի անունն էլ ավելի քան համահունչ է նրանց գործունեությանը. BOTTEGA իտալերենից թարգմանաբար նշանակում է արհեստանոց, իսկ VENETA-ն նրանց քաղաքի իտալերեն անունն էր:

Տղաները մշակել են կաշվի հյուսելաձևի շատ յուրօրինակ դիզայն, որը անվանվել է intrecciato, հենց էդ հույսքի հետ են այսօր նույնականացնում նրանց ապրանքանիշը: Ընդ որում այն ստեղծել են ի սկզբանե ոչ տարբերվելու համար՝ դիզայնի տեսանկյունից, այլ տեխնիկական նպատակներով: Այդ ժամանակաշրջանում մյուս արտադրողներն օգտագործում էին կոպիտ կաշի, իսկ տարածաշրջանը հայտնի էր ավելի շատ տեքստիլ արտադրությամբ, ու տեղի կարի մեքենաները նուրբ ասեղներով չէին կարող մշակել այդ հաստ կաշին:

Այլ կարի մեքենաներ գնելու փոխարեն նրանք որոշել են աշխատել բարակ կաշվի հետ, բայց քանի որ որակի նկատմամբ պահանջները շատ բարձր էին նրանց ընկերությունում, իսկ բարակ կաշին չէր կարող երկար ծառայել, նրանք որոշեցին հյուսել այն:

Հիմնադրման օրվանից սկսած բրենդը չի ունեցել լոգո՝ տարբերանշանի տեսքով, իսկ բրենդի անունը գրվում է միշտ պայուսակների ներսում:

1972-ին նրանք բացեցին իրենց առաջին խանութ սրահը ԱՄՆ -ում: Բայց ժամանակները փոխվում էին: Մարդիկ այդ շրջանում. գերադասում էին ավելի ճչացող իրեր:

Սնանկացման եզրին գտնվելով` բրենդի հիմնադիրները լքեցին ընկերությունը: Միշել Թադեն բրենդը վստահեց իր նախկին կնոջը` Լաուրային, ով դարձավ բրենդի creative տնօրենը: Նա առանձնապես չփոխեց բրենդի կոնցեպտը, հակառակը՝ շեշտադրեց ԴՆԹ-ի հիմնական բաղադրիչները:

1980-ին Լաուրան ստեղծեց այսօր արդեն լեգենդար կլաչը՝ The Lauren-ը:

Կան ենթադրություններ, որ հենց Լաուրայի անձնական կապերի շնորհիվ BOTEGA VENETA-ն դարձավ ամերիկյան շուկայում շատ ճանաչված անձանց սիրելին:

Նրա ճիշտ ռազմավարության շնորհիվ ԱՄՆ-ում բացվեցին 12 խանութ սրահներ, եւս 5-ը եվրոպական, 4-ը՝ ասիական երկրներում:

1980-ականներին, երբ լոգոմանիան հասավ իր գագաթնակետին, Լաուրան որոշում կայացրեց նաեւ հագուստի արտադրություն սկսել, ցավոք, այն զարգացավ ոչ այնպես, ինչպես հարկն էր:

Ամեն հաջորդ տարի BOTEGGA VENETA-ի գործերը սկսեցին ընթանալ ոչ այնքան հաջող, ինչը բերեց նրան, որ 2001-ին Լաուրան 165 մլն դոլլարով այն վաճառեց GUCCI GROUP-ին:

Թոմաս Մայերը՝ որպես բրենդի ստեղծագործական տնօրեն

Գերմանացի Թոմաս Մայերը դարձավ բրենդի կրեատիվ տնօրենը եւ գլխավորեց ընկերությունը 17 տարի: Առաջին 3 տարիներին նա դադարեցրեց հագուստի արտադրությունը եւ ողջ ուշադրությունը կենտրոնացրեց հայտնի գործվածքով պայուսակների արտադրության վրա:

Առաջին մոդելը կոչվեց Cabat. այն արժեր 6000 դոլլար, քանի որ ամբողջությամբ ձեռքի աշխատանք էր եւ ստեղծվում էր մոտ 200 օրում, ուստի արտադրվում է շատ սահմանափակ քանակով:

CABAT-ին հաջորդեց Veneta-ն, ապա ստեղծվեց շատ պոպուլյար կլատչը՝ Knot-ը. այն ոգեշնչված է բրենդում 70-ականներից առկա մեկ այլ դիզայնից, պարզապես ավելի երեկոյան է եւ ավելի ամուր ֆորմայով:

2004-ին Մայերը սկսեց նաեւ ստեղծել հագուստի հավաքածու՝ էլեգանտ, լակոնիկ եւ չպարտադրող: 2006 թվականի ապրիլին նա թողարկեց իր առաջին ոսկերչական գիծը և ձեռնամուխ եղավ ինտերերի և կահույքի դիզայնին։

2013-ին ընկերության եկամուտն արդեն կազմում էր 1 մլրդ դոլլար տարեկան. այն այդ պահին KERING-ի 2-ի 2-րդ արագ աճող բրենդն էր GUCCI-ից հետո:

Դենիել Լին՝ որպես բրենդի ստեղծագործական տնօրեն

Հաջորդ տարիներին նրա աճը կանգ առավ եւ KERING-ը որոշեց փոխարինել բրենդի կրեատիվ տնօրենին: Ու քանի որ շուկայում որպես գնորդ մեծ նշանակություն ստացան միլենիալները, զումերները, իսկ շուկաներից՝ հատկապես ասիականը, BOTTEGA VENETA-ի նոր կրեատիվ տնօրենը Դենիել Լին (2018-ից) մեկ տարվա ընթացքում դարձավ շատ նշանավոր դեմք. British Fashion Awards-ում, որը բավականին հեղինակավոր մրցանակաբաշխություն է, միանգամից ստացավ 4 մրցանակ՝ ճանաչվելով նաեւ տարվա լավագույն դիզայներ:

Բրենդը Լիի հավաքածուներով դարձավ ավելի վառ ու արտահայտիչ, նրա ժամանակաշրջանն սկսեցին անվանել New Bottega. ավելի ուշ այսպես կոչվեց նաեւ բրենդի ինստագրամյան էջը:

Դենիել Լին ստեղծեց The Pouch պայուսակները, որոնց մենք հաճախ պելմենի ենք ասում խոսակցականում: Այն կարճ ժամանակահատվածում դարձավ բրենդի ողջ պատմության մեջ ամենաշատ վաճառք ապահոված մոդելը:

Ապա նա որոշեց բրենդի լեգենդար հյուսվածը մեծացնել. արդյունքում ծնվեց Cassete պայուսակը:

Դրան հաջորդեց Jodie պայուսակը, որի վարիացիաները ինձ այսօր ամենից շատն են հանդիպում ինստագրամում ու Pinterest- ում:

Դենիել Լիին հաջողվեց ստեղծել նաեւ շատ նորաոճ կոշիկներ. Stretch Sandals-ը ըստ իս նրա լավագույն մտքերից է, քանի որ ցանցը դարձավ յուրօրինակ փոխարինող հյուսքին եւ շատ լավ ինտեգրվեց բրենդի դնթ-ի մեջ:

Իսկ նրա հաջորդ կոշիկը՝ Lido sandals-ը արդեն նրա խոշոր հյուսքերի ոճով էր:

The Tire ձմեռային կոշիկները՝ տարբեր գույներով տակացուներով վստահ եմ տեսել եք մի շարք բլոգերների հագին. այն լայնորեն կրկնեցին նաեւ մասմարկետում:

The Puddle Boots-ը եւս նույն ճակատագրին արժանացավ անսովոր դիզայնի շնորհիվ:

Այս մի շարք հաջողությունների շնորհիվ՝ 2022-ին բրենդի տարեկան եկամուտը դարձավ 1,74 միլիարդ:

Մարքեթինգի մասին

Հիմա քննարկենք՝ ինչպես դա հնարավոր դարձավ նորաձեւության մարքեթինգի տեսանկյունից:

Դենիել Լին նախ ջնջեց բրենդի ինստագրամյան էջը՝ պատճառաբանելով, որ BOTTEGA VENETA-ն գիտակների համար է, իրենց թիրախային լսարանը շատ լավ գիտի բրենդի մասին եւ ինստագրամյան էջ վարելու կարիք պարզապես չկա:

Բայց նոր մոդելները, հակառակ այդ համոզմանը, սկսեցին գովազդել ինֆլուենսեր մարքեթինգի միջոցով:

Նախ պելմենի պայուսակը, ապա կոշիկները այնքան մեծ տարածում գտան ողջ աշխարհում, որ շատերը սկսեցին մեղադրել Լիին բրենդի հիմնական գաղափարախոսությանը հակասելու համար. չէ որ մինչ այդ բրենդը ներկայացնում էր թրենդերից դուրս մոդելներ, որոնք երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:

Նրանց լեգենդար պայուսակները պահել են իրենց ակտուալությունը տասնյակ տարիներ, մինչդեռ Լիի ստեղծած ցանկացած մոդել շատ արագ հասնում էր իր հնարավոր ամենամեծ վաճառքին եւ նույնքան արագ էլ «հնանում»:

Իմ անձնական կարծիքով այն, ինչ արեց Լին պարզապես անհրաժեշտ էր brand awareness-ի մեծացման տեսանկյունից: Մինչ այդ, ցավոք, անգամ իմ հասակակիցներից շատերը չգիտեին բրենդի մասին եւ երբեք չէին իմանա, եթե չհանդիպեին ինֆլուենսերների գրառումներում, ուր մնաց z սերունդը:

Դենիել Լին իր հագուստի հավաքածուներում սկսեց օգտագործել այն վառ կանաչը, որ այսօր արդեն Bottega Green ենք անվանում. այն շատ արագ սիրվեց զումերների կողմից եւ սկսեց ասոցացվել բրենդի հետ, ուստի տնօրինության որոշմամբ այն դարձավ բրենդինգի անբաժանելի մաս. տոպրակներն այսօր հենց այդ կանաչով են:

2021-ին Դենիել Լին հեռացավ Bottega Veneta-ից: Ինչպես գրեց  The Business of Fashion-ը՝ դա դիզայների եւ լյուքս կոնգլոմերատի «համատեղ որոշումն» էր։

Ոչ պաշտոնական տվայլներով ասում են, որ նա շատ բարդ բնավովություն ուներ, ինչի պատճառով ընկերությունում տոքսիկ հարաբերություններ էին ձեւավորվել. դրա պատճառով մի շարք կաշվի մասնագետներ լքել էին ընկերութունը: Իսկ կաշվի մասնագետները նման ընկերություններում խիստ կարեւոր դեր ունեն, ուստի մնացյալի հոսքը կանխելու նպատակով հենց KERING-ը որոշեց հրաժեշտ տալ Դենիել Լիին:

Այսօր արդեն, ինչպես գիտեք նա Burberry- ում է:

Իսկ BOTTEGA -ի ստեղծագործական տնօրեն է նշանակվել Մեթյու Բլազին, որի դեբյուտն անչափ հավանել եմ:

Հեղինակ՝ Աննա Սալոմե