Մինիմալիզմը մաքսիմալ գնով. THE ROW` Օլսեն քույրերի ստեղծած բրենդը

Սովորաբար ինֆլուենսերները իրենց բրենդն ստեղծելիս հենց իրենց ինֆլուենսն էլ օգտագործում են մարքեթինգային նպատակներով. հաջող օրինակները շատ են՝ սկսած Քանյե Վեսթից վերջացրած Ռիհաննայով:

Բայց բրենդը սեփական անձով պայմանավորելը իր մի շարք ակնհայտ առավելություններով հանդերձ նաեւ բավականին մեծ ռիսկեր ունի. հավանաբար դա է եղել հենց պատճառը, որ ֆիլմերից մեզ հայտնի Օլսեն քույրերը նորաձեւությամբ զբաղվելու որոշում կայացնելու ժամանակ հստակ որոշել են նաեւ, որ չեն ուզում ասոցացվել իրենց բրենդի հետ:
Իրենց վերջին ֆիլմի ոչ հաջող արձագանքներից հետո 200 մլն դոլլար կարողությամբ Մերի Քեյթը եւ Էշլին լքեցին Հոլիվուդը եւ 2006 թվականին ստեղծեցին լյուքս դասի THE ROW բրենդը:


Բրենդն աղջիկները անվանակոչել են ի պատիվ Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկի՝ Savile Row-ի, որը հայտնի է կարուձեւի իր ավանդույթներով, մասնավորապես՝ այնտեղ են տեղակայված եղել ժամանակի տղամարդկանց հագուստի եւ կոշիկի արտադրության ամենահայտնի նորաձեւության տները:
Իսկ աղջիկներն իրենց հավաքածուներն ստեղծելիս էականորեն ոգեշնչվել են տղամարդկանց զգեստապահարանից. THE ROW-ի մասնավորապես վերնաշապիկներն ու պիջակները տղամարդու հագուստի ձեւվածքով են:

Բրենդն ստեղծելու միտքը եկել է բազային որակյալ հագուստ գտնելու խնդիրներից: Աղջիկները նախ ստեղծել են ամենաբազային սպիտակ շապիկի իրենց պատկերացրած իդեալական տարբերակը, փորձարկել այն տարբեր կառուցվածքի եւ տարիքի կանանց շրջանակում, ապա ստեղծվել է նրանց առաջին հավաքածուն՝ կազմված ընդամենը 7 միավոր հագուստից:
Այսօր The Row-ն ներկայացված է աշխարհի 37 երկրներում եւ համարվում է ամենաթանկ լյուքս բրենդներից մեկը: Բրենդի ամենապարզ սպիտակ վերնաշապիկն, օրինակ, արժե 1000-1100 եվրո, պայուսակի գները տատանվում են 3-7 հզ եվրո:

Բարձր գնի մասին

Լյուքս դասի բրենդներն այլեւս չեն ասոցացվում լավագույն որակի հետ: Գնալով շատանում են քննարկումները այն մասին, որ ի տարբերություն 2000-ականների՝ մի շարք բրենդների այսօրվա արտադրանքը զիջում է որակապես (անգամ լյուքս դասի բրենդները շատ վաղուց օգտվում են Չինաստանի, Թուրքիայի, Վիետնամի կամ, օրինակ, Բանգլադեշի էժան արտադրությունից): Ի տարբերություն շատերի՝ The Row-ն տարիների ընթացքում չի կորցրել իր որակը: Նրանց հագուստները հնարավոր լավագույն որակի, բավականին թանկարժեք գործվածքներից են եւ ունեն իդեալական կար: Մինչ բոլորովին վերջերս ամբողջ ապրանքատեսականին արտադրվել է ԱՄՆ-ում աղջիկների անմիջական վերահսկողության ներքո ( իսկ ԱՄՆ-ում աշխատուժն ամենաթանկերից է):
Ինչու մինչ բոլորովին վերջերս, քանի որ կարծես թե քովիդից հետո որոշ բաներ բրենդն սկսեց արտադրել Իտալիայում. Իտալիան եւս, իհարկե, Թուրքիա կամ Վիետնամ չէ, բայց բերել է ծախսերի կրճատման:

Գինը The Row-ի դեպքում դիրքավորման միջոց է: Նրանց թիրախը վճարունակ մասսայից այն մարդիկ են, ովքեր ունենալով բավականին գումար, հեռու են ցուցամոլությունից, հրաշալի հասկանում են լյուքսից եւ ում իրապես հետաքրքրում է որակը:
Բրենդը ներկայացված է լյուքս դասի առեւտրային կենտրոններում եւ համաձայն հանրային հրապարակված վիճակագրության՝ ԱՄՆ-ում նրանք ավելի լավ են վաճառվում անգամ, քան Celine-ը, Yves Saint Laurent-ը եւ մյուսներ:

Մարքեթինգի մասին
Աղջիկներն իրենց ինստագրամյան էջերը չունեն, իսկ բրենդի ինստագրամյան էջն ավելի շատ մուդբորդ է հիշեցնում: Եթե հիշենք` նրանց թիրախի մասին, կարծում եմ՝ քիչ երեւալը եւ լուռ մարքեթինգն իդեալական որոշում է: Աղջիկները իրենց հարցազրույցներում դա հիմնավորում են մտքով, որ եթե ստեղծում ես շատ լավ ապրանք, ինքն իրեն կվաճառի:

Նույնքան լուռ ու հանճարեղ է նորաձեւության մարքեթինգի տեսանկյունից, ըստ իս, նրանց առաջին գովազդային արշավը:
Բրենդը ամերիկյան Vogue ամսագրում վերցրել էր մի էջ եւ սպիտակ էջի անկյունում ուղղակի շատ փոքր գրել The row:

Նույն մարտավարությունն է նաեւ նրանց ցուցադրությունների դեպքում. The Row-ն երբեք մեծ աղմուկ չի անում: Շոուները հիմնականում նշանակվում են առավոտյան 9-ին, իսկ դրանց հրավիրվում են միայն թիրախային հյուրեր՝ լրագրողներ, բայերներ, գործընկերներ եւ ոչ ինֆլուենսերներ:

Նրանց դեպքում հիմնականում աշխատում է բերնեբերան մարքեթինգը, քանի որ նկարագրված թիրախը ոչ այնքան մեծ է եւ հիմնականում բոլորը բոլորին ճանաչում են` կիսվելով իրենց հաջող փորձով:

Ինֆլուենսեր մարքեթինգի մասին
The Row-ն ինչպես Hermes-ը չի սիրում նաեւ ինֆլուենսեր մարքեթինգը: Բրենդը մինչ քովիդը երբեւէ չէր դիմել հայտնի ու ճանաչված մարդկանց օգնությանը:
Բայց համաճարակի օրերին ֆինանսական լուրջ կորուստներ կրելով՝ նրանք վերանայեցին իրենց հայացքներն այդ հարցում:


Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն մյուս լյուքս բրենդների, նրանք անկախ բրենդ են, ոչ մի կոնգլոմերատի կազմի մեջ չեն մտնում, վնասներն իսկապես մեծ են եղել, ասում են՝ բրենդը գտնվել է սնանկացման եզրին:
Հենց այդ օրերին սոցցանցերի իրենց էջերում Քենդալ Ջենները, Բելլա Հադիդը եւ շատ հայտնիներ տեղադրեցին մինիմալիստական լուքերի նկարներ՝ նշելով բրենդի ինստագրամյան էջը:


Բրենդը նաեւ շատ ինֆլուենսերների սիրելին է ու նրանցից շատերը հաճախ են հայտնվում հանրության ուշադրությանը The Row-ի հագուստով: Նրանց շարքերում են Ջենիֆեր Էնիսթոնը,
Քեյթ Բլանշետը, Միշել Օբաման եւ ուրիշներ:

Explore last articles