Հայ դիզայներների «The other side» ինստալացիան՝ Միլանի նորաձեւության շաբաթի շրջանակներում

Սեպտեմբերի 22-ին 2023-ին Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում կայացավ հայ դիզայներների «The other side» (Մյուս կողմը) ինստալացիա֊ցուցադրությությունը, որը նպատակ ուներ եվրոպական հանրությանը տեղեկացնելու Արցախում խորացող մարդասիրական ճգնաժամի և Ադրբեջանի գործած հանցագործության մասին։ «Emerging Talants Milan» -ի այս ցուցադրությունը, որ տեղի ունեցավ Visconti Palazzo -ում համախմբել էր ավելի քան 15 դիզայների աշխատանքներ, որոնց թվում հանրահայտ Գրիգոր Ջաբոտյանը, Նարեկ Ջհանգիրյանը, Անանյան եւ Արտույտ ապրանքանիշները, Անտիկյան ցուցասրահը, the Muse֊ը, Just black֊ը և այլոք։ Արթ տնօրեն Տարիել Բիշարյանը և ոճաբան Լուսինե Անանյանը ընտրել ու յուրովի ոճավորել էին տաղավարն այնպես , որ այն առավելագույնս «խոսի» մեր Արցախի հանդեպ ունեցած ցավի, սիրո, ներկայիս անելանելիության ու բողոքի մասին՝ ի լուր նորաձևության հանրությանը՝ հայտնելով սարսափազդու կատարվելիքը գեղեցիկի լեզվով։

Ցուցադրության մի կողմում արվեստի գործեր էին, որ արտացոլում էին խոցելի իրականությունը, սովը և ճգնաժամը, մյուս կողմում նորաձևության իրեր, հագուստ, կոշիկներ, կորսետ, որ խորհրդանշում էին մարտահրավերին դիմակայող դիմացկուն հայի հոգին։ Հարսանեկան զգեստը, որ Գրիգոր Ջաբոտյանի հավաքածուից էր, ակցենտավորեց տաղավարի ոգին: Այն խորհրդանշում էր հույս. չնայած Ադրբեջանի վայրագություններին ու անսնունդ, անդեղորայք, անկացարան ճգնաժամային դրությանը, միևնույն է մարդիկ շարունակում էին ապագան տեսնել, ամուսնանում են, ընտանիք կազմում, ինչպես Մարիամն ու Արմանը արեցին Հակոբավանքում։


Ինչպես կազմակերպիչ ոճաբան Լուսինե Այանյանն է ասում «Մենք նույնիսկ այցելու ունեինք, որի փեսացուն ադրբեջանցի էր, և նա ցնցվեց՝ իմանալով ամենը։ Մարդիկ ակնկալում էին ինչ-որ շքեղ բան տեսնել, քանի որ դա նորաձևության շաբաթ է, բայց արդյունքում տեղեկացան մեր օրերում մարդկանց տառապանքների մասին։ Կարդալով տաղավարների ցուցանակները այցելուները ապշած էին ու շատ հարգալից մեր նկատմամբ։ Մենք մեր առաքելությունը այս ոլորտում ևս տեղեկացվածությունը ապահովելու համարում ենք կատարված»:

Հեղինակ՝ Արմինե Թադեւոսյան

Explore last articles