Ականջի կմախքով օղեր և մատների կմախքով մատանիներ. տեսահոլովակների և կարմիր գորգերի անբաժանելի մաս դարձած «UHI» բրենդը
Երկու տարեկան կազմակերպություն, որը գերել է հազարավոր հայՈՒՀԻների սրտեր՝ դառնալով նրանց ձեռքերի և ականջների անբաժանելի մասը: Իհարկե, կռահելի է, որ մեր հոդվածը պատմելու է «UHI» զարդերի մասին, որոնց թիկունքում կանգնած են հիմնադիր-ամուսիններ Նարինեն և Արմենը: Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին բրենդի ստեղծման, հայկական շուկայի, դժվարությունների, նորաձևության ոլորտի և հայտնիների հետ համագործակցության մասին։
«UHI» զարդերի բրենդը ստեղծվել է 2022 թվականին, սակայն մինչ այդ զույգը 15 տարի աշխատել է ոլորտում՝ համագործակցելով արտերկրի կազմակերպությունների հետ։
«18 տարեկանում ձեռքով պատրաստում էի զարդեր և վաճառում իմ ընկերական շրջապատում, պատվերներ գրանցում և աշխատում փոքր շրջանակի համար: Անգամ այսօր ունեմ զարդեր, որոնք պահել եմ այդ օրերից, բայց զարդերի մեծ մասը նվիրում էի Նարինեին, չնայած այն ժամանակ նա զարդերի սիրահար չէր»,- պատմեց Արմենը։
Հարցին, թե ինչու «UHI», Նարինեն պատասխանեց, որ դա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, բայց հենց անվանումը դարձել է իրենց այցեքարտն ու մի շարք զարդերի վրա «դաջված է» անունը։
«Մինչ մեր բրենդը ստեղծելն աշխատել ենք արտասահմանյան, մասնավորապես ամերիկյան ընկերությունների հետ, և եղել են ստացված նախագծեր: Երբ հիմնեցինք բրենդը, առաջնահերթությունը եղել են հայկական շուկան ու հայուհիները: Հենց այստեղից էլ ծնվեց գաղափարը»,- ասաց Նարինեն։
Փայլուն ու գրավիչ զարդերն անցնում են բարդ ճանապարհ, և Արմենի խոսքով՝ արծաթից նման փայլուն և մեծ զարդեր ստանալը բավականին բարդ ու քրտնաջան աշխատանք է և ինչպես անկեղծանում են համահիմնադիրները արտադրությունից հետո զարդերի որոշ մասը պիտանի չէ վաճառքի, քանի որ մեծ հաստոցների բացակայության պատճառով հաճախ արտադրական խնդիրներ են առաջանում:
«Նման զարդեր ստանալը բարդ աշխատանք է, քանի որ արծաթն ինքնին նման փայլուն տեսակ չէ: Անկեղծանամ՝ մեր արտադրության 50 տոկոսը խոտան է ունենում, և չենք օգտագործում: Նման տեսակի զարդերը բարդ են տրվում նաև մեծ հաստոցների բացակայության պատճառով, քանի որ մենք մասսայական արտադրությամբ չենք զբաղվում»,- մանրամասնեց Արմենը։
Բրենդը հայտնի է իր էքստրավագանտ զարդերով, որոնցից ամենահայտնին՝ արծաթե մատը, կրում են եզակի հայուհիներ։ «Մեր այցեքարտը եղել է հենց մատը: Հիշում եմ՝ երբ հրապարակեցինք տեսանյութը, միանգամից հայտնվեց թոփերում, և մարդկանց մոտ երկակի զգացողություն էր. նախկինում նմանօրինակ զարդեր չեն եղել: Հենց այս երկակի զգացողությունն էլ մեր բրենդի մասին է: Այնուհետև մենք ստեղծեցինք նույն շարքից ականջ, ակնոց և այսպես մենք շարունակ կատարելագործվում ենք»,- պատմեց Արմենը։
Ինչպես պատմում են հիմնադիրները, իրենք միտում չունեին այսքան մեծ ապրանքանիշ ստեղծել և ամրապնդել իրենց դիրքերը շուկայում: Ինստագրամյան էջը բացվել է միայն առկա տեսականին արագ սպառելու նպատակով, բայց, քանի որ ապրանքանիշի գաղափարախոսությունը և միտքը շատ սիրվեց հանրության կողմից, նրանք փորձեցին շարունակել իրենց գործը:
«UHI» բրենդը ոչ միայն գերել է երիտասարդ հայուհիների, այլ նաև հանրային անձանց սրտերը, և հարցին՝ արդյոք էքստրավագանտ զարդերը գնվում են, Նարինեն պատասխանեց․ «Նմանօրինակ զարդերը հաճախակի գնումների և առօրյայում կրելու մասին չեն: Գուցե տարվա կտրվածքով այդ կատեգորիայի 1-2 զարդ վաճառենք, սակայն Հայաստանում այդ զարդն ունենան միայն Լուսինե Թովմասյանը և Նազենի Հովհաննիսյանը: Հայտնիներն ու հանրային դեմքերը մեր զարդերով մասնակցում են կարմիր գորգերի արարողություններին, նորաձևության շաբաթներին և այլ նույնանման միջոցառումներին։ Մենք նաև անհատական զարդեր ենք պատրաստում արտիստների համար, և այդ յուրօրինակ ու չկրկնվող նմուշները դառնում են նրանց տեսահոլովակների մի մասն ու ընդգծում նրանց ոճը»։
Զարդերի ոգեշնչման աղբյուրը, ցանկացած զարդի առաջին կրողն ու քննադատը հենց Նարինեն է, որը հարցազրույցի ընթացքում անկեղծացավ՝ պատմելով, որ մանկության տարիներից տրավմատիկ հուշ ունի զարդերի հետ կապված: «Ընդամենը 5 տարեկան էի, երբ մի կին ցավեցնելով հանեց օղերս՝ ասելով, որ ինձ շատ ավելի լավն է նվիրելու, բայց արդյունքում գողացավ իմ ականջօղերը: Անգամ մեծ տարիքում սեր չունեի զարդերի նկատմամբ, իսկ այժմ իմ ոճի անբաժան մասն են նորաձև քաֆերը, օղերը, մատանիները. ինքս ինձ առանց զարդերի չեմ պատկերացնում»,- պատմեց Նարինեն։
Զրույցի ավարտին հիմնադիրները ներկայացրին «UHI» ապրանքանիշի նոր ակնոցը, որի առաջին օրինակը պատրաստվել է Էլինա Ջանիբեկյանի համար։ Արմենն ու Նարինեն հավաստիացնում են, որ առջևում սպասվում են նոր գործեր, որ զարդերի հայկական շուկայում կիրականացնեն ինքնատիպ ու յուրօրինակ հեղափոխություն։